New energy saving possibilities presented to Charentsavan residents [hy] Նոր էներգախնայողության հնարավորությունները ներկայացվեցին Չարենցավանի բնակիչներին
Չարենցավան, 21 հուլիսի, 2015:

«Պետք չէ վախենալ ակնկալվող ցուրտ ձմեռից և էլեկտրաէներգիայի օրեցօր աճող սակագներից: Փոխարենը պետք է պատրաստվել՝ իրականացնելով բնակարանի էներգաարդյունավետ վերանորոգում, որը կօգնի ունենալ տաք տուն՝ միաժամանակ տնտեսելով ձեր գումարը», ահա այս հարցերն էին քննարկվում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում տեղի ունեցած համայնքային հանդիպման ընթացքում:Հուլիսի 21-ին «Ջերմ օջախ» բնակարանային ֆոնդի սոցիալական և էներգաարդյունավետ վերանորոգման ծրագիրը ներկայացվեց Չարենցավան քաղաքում, որտեղ առկա է զգալի մեծ արդյունաբերական պոտենցիալ, այդուհանդերձ, բնակարանային ֆոնդն այստեղ բավականին հին է: Չարենցավանի մշակույթի տանը կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին համատիրությունների, կրթական հաստատությունների, քաղաքապետարանի և գործընկեր ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղական գործարարներ և լրատվամիջոցներ: Հանդիպման ժամանակ Ազգային Հիփոթեքային Ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը ներկայացրեց ծրագրի հիմնական պայմաններն ու առավելությունները, ինչպես նաև ծրագրի իրականացման ներկայիս ընթացքը: Հանդիպման մասնակիցները քննարկեցին բնակարանային ոլորտում առկա ներկայիս խնդիրներն ու խոչընդոտները, ինչպես նաև համայնքի բնակչության և գործարար ոլորտի համար ծրագրի կողմից ընձեռնված հնարավորությունները:

«Ջերմ օջախ» վարկային ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել բնակարաններում էներգիայի ծախսերը և խթանել էներգախնայող բնակարանային ֆոնդի զարգացումը Հայաստանում: Այս վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանում բնակվող ընտանիքները կարող են ստանալ երկարաժամկետ մատչելի վարկեր ՀՀ դրամով` 11-14% տարեկան տոկոսադրույքով և մինչև երկու տարի վճարման արտոնյալ ժամանակահատվածով: Բացի այդ, էներգաարդյունավետության որոշակի չափանիշների համապատասխանելու դեպքում յուրաքանչյուր վարկառու հնարավորություն ունի ստանալու բոնուս՝ վարկի գումարի 5 կամ 10 տոկոսի չափով: Այս բոնուսները տրամադրվում են Եվրոպական հարևանության ներդրումային հաստատության կողմից: Չարենցավանի բնակիչներին նշված վարկատեսակները և բոնուսները առաջարկվում են քաղաքում գործող երեք խոշոր ֆինանսական հաստատությունների (ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկ, Արդշինբանկ և Կոնվերսբանկ) մասնաճյուղերի միջոցով:

«Այս պահի դրությամբ «Ջերմ օջախ» ծրագրի շրջանակում հայաստանյան ընտանիքներին տրամադրվել է ավելի քան 190 մլն դրամ ընդհանուր գումարով 109 վարկ: Մատչելի ֆինանսավորումը Չարենցավանի բնակիչներին հնարավորություն կտա տնտեսել գումարներ՝ միաժամանակ ապահովելով իրենց բնակարանի ջերմությունը: Անուղղակիորեն ծրագիրը նպաստում է նաև էներգաարդյունավետ նյութերի և սարքավորումների տեղական մատակարարների և արտադրողների գործունեությանը»,- նշեց Հայկ Ոսկանյանը:

«Ջերմ օջախ» բնակարանային ֆոնդի սոցիալական և էներգաարդյունավետ վերանորոգման ծրագիրը մշակել է Ֆրանսիայի Զարգացման Գործակալությունը: Հայաստանում այն իրականացնում է Ազգային Հիփոթեքային Ընկերությունը իր գործընկեր բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով: Ծրագրի տեխնիկական աջակցությունը իրականացնում է ավստրիական Կոմունալկրեդիտ Փաբլիք Քոնսալթինգ (KPC), գերմանական ՄիկրոԷներջի Ինտերնեյշնլ (MEI) ընկերությունների և հայկական Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա (ԱՍԲԱ) հիմնադրամի կողմից ձևավորված կոնսորցիումը՝ Եվրոպական հարևանության ներդրումային հաստատության ֆինանսավորմամբ:

Գործընկերներ
afd nmc micro energy asba eu sunref