“Jerm Ojakh” in Ashtarak [hy] «Ջերմ Օջախ»-ը Աշտարակում
Աշտարակ, 17 Հուլիս, 2015

Հուլիսի 17-ին «Ջերմ Օջախ» բնակարանային ֆոնդի սոցիալական և էներգաարդյունավետ վերանորոգման ծրագիրը ներկայացվեց Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում:Քաղաքին բնորոշ խիստ բնակլիմայական պայմանները, առկա բնակարանային ֆոնդի ոչ պատշաճ սպասարկումը, ինչպես նաև մոտիկությունը մայրաքաղաք Երևանին և զարգացած բանկային համակարգի առկայությունը բարենպաստ պայմաններ են ստեղծում Աշտարակ քաղաքում «Ջերմ Օջախ» ծրագրի համար: Համայնքային հանդիպման ժամանակ Ազգային Հիփոթեքային Ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը մարզի շահառուներին ներկայացրեց ծրագրի հիմնական դրույթներն ու առավելությունները, ինչպես նաև ծրագրի իրականացման ներկայիս ընթացքը: Հանդիպմանը մասնակցեցին Աշտարակի համատիրությունների, կրթական հաստատությունների, քաղաքապետարանի և գործընկեր ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղական գործարարներ և լրատվամիջոցներ: Մասնակիցները քննարկեցին ծրագրի առավելությունները և հնարավորությունները համայնքի բնակչության և գործարար ոլորտի համար:

«Ջերմ օջախ» վարկային ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել բնակարաններում էներգիայի ծախսերը, ստեղծել բարեկեցիկ կենսապայմաններ և խթանել էներգախնայող բնակարանային ֆոնդի զարգացումը Հայաստանում: Այս վարկային ծրագիրը կարող է օգնել ընտանքիներին իրականացնել իրենց բնակարանների և առանձնատների էներգաարդյունավետ վերանորոգում և էներգիայի մշտապես աճող գների պայմաններում ունենալ դրամական զգալի տնտեսում: Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր հայ ընտանիք կարող է ստանալ երկարաժամկետ վարկեր ՀՀ դրամով` 11-14% տարեկան տոկոսադրույքով և մինչև երկու տարի վճարման արտոնյալ ժամանակահատվածով: Բացի այդ, էներգաարդյունավետության որոշակի չափանիշների համապատասխանելու դեպքում յուրաքանչյուր վարկառու հնարավորություն ունի ստանալու վարկի 5 կամ 10 տոկոսը որպես բոնուս: Այս բոնուսները տրամադրվում են Եվրոպական հարևանության ներդրումային հաստատության կողմից: Վարկերը և բոնուսները շահառուներին տրամադրվում են հայաստանյան ֆինանսական կառույցների միջոցով, որոնցից շատերը իրենց մասնաճյուղերն ունեն նաև Աշտարակ քաղաքում:

Ինչպես նշեց Հայկ Ոսկանյանը՝ «Ջերմ Օջախ» ծրագիրը նոր հնարավորություններ է ընձեռում ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքներին օգտվելու մատչելի ֆինասական միջոցներից՝ ստանալով երկարաժամկետ նյութական և սոցիալական արդյունք: Ծրագրի յուրահատկություններից մեկն այն է, որ յուրաքանչյուր ընտանիք կարող է ինքնուրույն հաշվարկել էներգիայի ենթադրվող խնայողությունը և հետո միայն որոշում կայացնել վարկի դիմելու և համապատասխան վերանորոգում իրականացնելու վերաբերյալ: Հարկ է նշել, որ ծրագիրն անուղղակիորեն աջակցում է նաև էներգաարդյունավետ նյութերի և սարքավորումների տեղական մատակարարների և արտադրողների գործունեությանը՝ խթանելով պահանջարկը տեղական շուկայում: Այս պահի դրությամբ «Ջերմ Օջախ» ծրագրի շրջանակում հայաստանյան ընտանիքներին տրամադրվել է ավելի քան 190 մլն դրամ ընդհանուր գումարով 109 վարկ:¦

«Ջերմ Օջախ» բնակարանային ֆոնդի սոցիալական և էներգաարդյունավետ վերանորոգման ծրագիրը մշակել է Ֆրանսիայի Զարգացման Գործակալությունը և Հայաստանում այն իրականացնում է Ազգային Հիփոթեքային Ընկերությունը իր գործընկեր բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով: Ծրագրի տեխնիկական աջակցությունը իրականացնում է ավստրիական Կոմունալկրեդիտ Փաբլիք Քոնսալթինգ (KPC), գերմանական ՄիկրոԷներջի Ինտերնեյշնլ (MEI) ընկերությունների և հայկական Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա (ԱՍԲԱ) հիմնադրամի կողմից ձևավորված կոնսորցիումը՝ Եվրոպական հարևանության ներդրումային հաստատության ֆինանսավորմամբ:

Գործընկերներ
afd nmc micro energy asba eu sunref